Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթ» ապատումը` Վենետիկի բիենալեում

«Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթ» ապատումը` Վենետիկի բիենալեում
12.06.2013 | 17:38

Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեում ներկայացվել են 150 նկարիչ, 88 ազգային տաղավար: Պաշտոնական բացումը տեղի է ունեցել հունիսի 1-ին:

Վենետիկյան բիենալեում սովորաբար ցուցադրվում են գեղարվեստական մտածողության ամենավերջին միտումներն ու դրսևորումները, սակայն 2013-ի բիենալեի հիմնական գաղափարախոսությունն անցյալի և ներկայի, ավանդույթի և մոդեռնի համակցումն է: Այս տարի բիենալեն կրել է «Հանրագիտարանային պալատ» խորագիրը: Բիենալեի գլխավոր կուրատոր Մասիմիլիանո Ջոնին այս անվանումը վերցրել է ինքնուս նկարիչ Մարինո Աուրիտիի իրականություն չդարձած համանուն նախագծից, որը պետք է լիներ մի երևակայական թանգարան, որտեղ զետեղված կլինեին մարդկության բոլոր գլխավոր հայտնագործությունները` անիվից մինչև տիեզերանավ:
Հայաստանը ներկայացնող Արարատ Սարգսյանի «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթ» ապատումը , որը խոսքի և դրա անմիջական դրվագման մի ինքնատիպ օրինակ է, շաղկապում է ժամանակներն ու գեղարվեստական հին ու նոր արտահայտչամիջոցները:
Նախագծի իրականացման համար ՀՀ մշակույթի նախարարությունը տրամադրել է 5 մլն դրամ: Այլ հովանավոր նախագիծը չի ունեցել: Կայացման աշխատանքներին նպաստել են վենետիկաբնակ Վարդան Կարապետյանը, համակարգողներ Սաթենիկ Սարգսյանը, Նինա Հայրյանը:
Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ ՍԵՅՐԱՆՈՒՀԻ ԳԵՂԱՄՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանի տաղավարը իրապես հետաքրքրություն է առաջացրել: «Ի սկզբանե հնարավորություն կար հայկական նախագիծն իրականացնելու Վենետիկի կենտրոնում գտնվող Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի տարածքում, սակայն նախագծի հեղինակը և համադրողը կոնցեպտուալ իմաստով ճիշտ համարեցին այն իրականացնել հենց Սուրբ Ղազարում, որտեղ գործում է տպագրական հնագույն մեքենաների թանգարան, և Արարատ Սարգսյանի ինքնաշեն տպագրական սարքը դառնում է թանգարանի ցուցադրանքի շարունակությունը: Կարևոր է, որ Արարատ Սարգսյանի պատումն ուղեկցվում էր ինտերակտիվ վիդեո-ինստալացիայով` անգլերեն տիտրերով, ինչն օտար այցելուներին հնարավորություն է տալիս ընկալելու հյութեղ Կարնո բարբառով ընթացող խոսքի և դրվագումի իմաստը»,- ասաց Սեյրանուհի Գեղամյանը, հավելելով, որ «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթ» պատումի տեսահոլովակն անընդմեջ ցուցադրվել է բիենալեի հիմնական մեծ տաղավարներն ընդգրկող «Ջարդինի» և վենետիկյան Զինանոցի ¥Արսենալի¤ հսկայական համալիրի նախասրահներում, ինչպես նաև մշակութային և հասարակական նշանակության այլ կենտրոններում:
Նախագծի համադրող ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ իր խոսքում նշեց, որ Սուրբ Ղազար կղզին այն վայրն է, որտեղից սկսվել է հայկական մոդեռնիզմը: «Խոսակցություններն այսօր ժամանակակից արվեստում հիմնականում մոդեռնի մասին են, մոդեռնի ճգնաժամի, մոդեռնի հաղթահարման, պոստմոդեռնիզմի»,- ասաց նա:
Վենետիկի բիենալեում Հայաստանը ներկայացնող նկարիչ ԱՐԱՐԱՏ ՍԱՐԳՍՅԱՆՆ ասաց, որ էպոսը ներկայացրել է պատումի ձևով, քանի որ նպատակ է ունեցել շեշտադրելու բանավոր մշակույթ։ «Երբ մեկին ասում են` գնա գրողի ծոցը, նկատի չունեն գրողների միության որևէ անդամի, գրողը մեկ այլ երևույթ է, նա Տիր աստծո քարտուղարն է, որ ընդամենը գրում էր` ո՞վ ծնվեց, ո՞վ մահացավ: Գիրը գրվելով կարծես մահանում է»,- ասաց նկարիչը։
«Կարծում եմ` հայերեն խոսքը մի քիչ ուժը կորցրել է և՛ առօրյա կյանքում, և՛ քաղաքականության մեջ, գրականության մեջ` հատկապես, որևէ բանաստեղծություն չկա այսօր, որ կարդալիս ոտքի կանգնելու ցանկություն ունենամ։ Ես փորձում եմ մեջտեղ բերել բանավոր խոսքը: Պատմեցի այն թոռանս, նա շատ ուրախացավ. Ցյուրիխի մի պատկերասրահում եմ պատմել` ֆրանսիական մի մեծ գրադարանում: Վենետիկում չթարգմանվեց իմ պատումը, օտարներ էին մեծ մասամբ, վերջում փաթաթվել էին ինձ` առանց հասկանալու, թե ես ինչ եմ խոսում: Կարևոր է, որ մարդիկ ձայնի ելևէջների ստեղծած պատկերներից հասկանան` ինչի մասին է խոսքը, և պատկերացրեք, որ հասկանում են»:
Արարատ Սարգսյանը նշեց, որ կարողացել են ճիշտ օգտագործել ցուցադրության համար տրամադրված փոքրիկ գումարը: Նկատեց, որ անցյալ տարի տասն անգամ շատ գումար է ծախսվել, բայց արդյունքը գոհացուցիչ չի եղել:
«Պետք չէ շարունակ նայել, թե Ադրբեջանն ինչ է ծախսել, Ադրբեջանում Ալիևի ֆոնդը հարյուր անգամ ավելի շատ գումար ունի, քան մեր մշակույթի նախարարությունը,- ասաց նա, ընդգծելով, որ առաջին անգամ է Հայաստանի տաղավարը հայտնվել առաջատարի դիրքում, մեծ քննարկումների առիթ տվել:- Մեծ պալատներ չունեինք ցուցադրելու, բայց ժյուրիի համար դա միևնույն է, ինչպես որ միևնույն է` ինչքան գումար ես ծախսել, կարևորը ներկայացվող արվեստն է»:
Ի՞նչ է նկարչի համար Վենետիկի բիենալեն:
«Շատ հայ նկարիչներ, 20-րդ դարասկզբից սկսած, մասնակցել են Վենետիկի բիենալեին` Սարյան, Արշիլ Գորկի: Նկարչի համար դա մի ներքին ուրախություն է, սպորտ չէ, որ ինչ-որ բան սպասես»,- ասաց Արարատ Սարգսյանը: Անդրադառնալով մատուցման խնդրին, շեշտեց, որ դա լրիվ ուրիշ մասնագիտություն է, որը մեզանում չի ուսուցանվում, լրջորեն չի շեշտադրվում, և շատ անգամ մենք մեր ունեցածը չենք կարողանում աշխարհին ցույց տալ:
«Նայում ես` ամերիկյան տաղավարը, իր ներքին պոտենցիայով, այդքան մեծ ուժ չի ներկայացնում, ինչքան որ հրաշալիորեն մատուցված է: Մենք պիտի տիրապետենք մատուցման կուլտուրային»,- ասաց նա:
Հավելենք, որ, Հայաստանը ներկայացնող ազգային տաղավարից բացի, բիենալեում բավական հետաքրքիր ցուցադրանքով ներկայացել է Նորայր Գասպարին` Կանադայից, ով, ի դեպ, Ատոմ Էգոյանի օպերատորն է: Այս մասին տեղեկացրեց Սեյրանուհի Գեղամյանը:
Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեն աշխարհի խոշորագույն մշակութային միջոցառումներից է: Այն հիմնադրվել է 1895 թվականին` որպես «Վենետիկի միջազգային գեղարվեստական ցուցահանդես», որտեղ ցուցադրվել են 16 երկրների նկարիչների ստեղծագործություններ: Այնուհետև, երկու տարին մեկ կազմակերպվող այս ցուցահանդեսի վարկն այնքան է բարձրացել, որ այստեղ ձգտել են ցուցադրվել միջազգային ճանաչում ունեցող ամենահայտնի նկարիչները: Սկսած 1930-ական թվականներից բիենալեի շրջանակներում հիմնադրվել են երաժշտական, թատերական, կինոյի փառատոներ, իսկ 1975 թվականից` ճարտարապետության միջազգային ցուցահանդեսը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2821

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ